National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.06.2022
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 5

Ազգային ժողովը հունիսի 27-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել:

Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար Բարձրագույն դատարանի խորհուրդն առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:  Ներկայացված երեք թեկնածուից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:

Ելույթ ունենալով՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը պարզաբանել է, որ դատական ոլորտում նախորդ տարի իրականացված բարեփոխումների շրջանակում ավելացվել է Վճռաբեկ դատարանի պալատների թիվը, ուստի այդ պալատների թափուր պաշտոններում դատավորներ նշանակելու անհրաժեշտություն է առաջացել: Զեկուցողի խոսքով՝ ՀՀ դատական օրենսգրքում արված այս փոփոխությունն ազդելու է մարդու իրավունքների պաշտպանվածության ավելացման վրա, քանի որ այն միտված է խթանելու դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ նպաստելու է գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Հրաչ Մարտունի Այվազյանի կենսագրությունը՝ այստեղ:

Ելույթ ունենալով՝ Հրաչ Այվազյանն անդրադարձել է Վճռաբեկ դատարանի դերին ու նշանակությանն արդարադատության համակարգում, նշել առկա խնդիրները:  Մասնավորապես, այդ խնդիրներից են դատարանների անհամաչափ ծանրաբեռնվածությունն ու բողոքները քննելու անորոշ ժամկետները: Ըստ նրա՝   թեեւ դատարանները պատշաճ արդարադատություն են իրականացնում, այնուամենայնիվ, հանրության գնահատականներն իրականացված արդարադատության եւ դատական իշխանության նկատմամբ երբեմն անբավարար են լինում:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Հայկազի Զեյնալյանի կենսագրությունը՝ այստեղ:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը նշել է, որ հեղինակել է հարյուրավոր բողոքներ, հայցեր, դիմումներ, որոնք հիմք են հանդիսացել իրավակիրառական պրակտիկայի բարելավմանը: Թեկնածուն արձանագրել է, որ մասնագիտացված վարչական դատարանների հիմնադրումն ու ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ Հայաստանի իրավունքի զարգացման գործում: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի հիմնադրումը զեկուցողը եւս շրջադարձային է համարել: Նրա խոսքով՝ արդար դատաքննության իրավունքի մի շարք բաղադրատարրեր, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, ՀՀ-ում ապահովված չեն, կամ բավարար վիճակում չեն: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ այստեղ լուրջ անելիքներ ունի թե՛ Վճռաբեկ դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանի նորաստեղծ վարչական պալատը: Նա կարեւորել է նաեւ Փաստաբանների պալատի դերակատարումը, ներկայացրել դատաիրավական բարեփոխումների իր տեսլականը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Լիանա Օնիկի Հակոբյանի կենսագրությունը՝  այստեղ:  

Լիանա Հակոբյանն ընդգծել է, որ այսօրվա ընտրությունն առանձնահատուկ է նրանով, որ երեք թեկնածուի ընտրությամբ ձեւավորվում է Վճռաբեկ դատարանի կառուցվածքային նոր միավոր, ամբողջական է դառնում Վարչական արդարադատության համակարգը: Նրա խոսքով՝ այսօրվա ընտրությամբ ավարտվում է ՀՀ-ում վարչական արդարադատության մասնագիտացված համակարգի ձեւավորումը, որի սկիզբը դրվել է դեռեւս 2008 թ. ՀՀ վարչական դատարանի ստեղծմամբ: Վարչական արդարադատության առանձնահատկություններից նա առանձնացրել է պետական կառավարման ամբողջ համակարգի կայունության, կատարելագործման ապահովումը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ կատարում են դատական իշխանության բնագավառում վերջին շրջանի ամենամեծ ընդլայնումներից մեկը: Նա գնահատել է առաջին եռյակում ընդգրկված թեկածուների թե՛ մասնագիտական կարողությունները, թե՛ արժեքային համակարգը՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրը մեծ ներդրում է ունեցել ՀՀ դատաիրավական զարգացման գործում: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումները լինելու են մշտական, զարգանալու եւ իրականացվելու են պարբերաբար՝ ըստ անհրաժեշտության՝ լավարկելով դատական իշխանության աշխատելաոճը:  


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am